11-րդ "Ա" դասարան
11-й <<А>> класс
11-րդ "Բ" դասարան
11-й <<Б>> класс
10-րդ "Ա" դասարան
10-й <<А>> класс
10-րդ "Բ" դասարան
10-й <<Б>> класс
10-րդ "Գ" դասարան
10-й <<Г>> класс
էքստեռն/դրսեկ/ շրջանավարտներ
экстерн выпускники

Լուրեր, հայտարարություններ
Вести, объявления
 
Մեր մասին
О нас
 
Ընդունեք մեր շնորհավորանքը
Примите наши поздравления!
 
Սա մեր Գորիսն է
Это наш Горис
 
Շրջանավարտները
Выпускники
 
Ֆոտոկադրեր դպրոցական տարիներից
Фотокадры из школьных лет
 
Մեր ուսուցիչները
Наши учителя
 
Դպրոցի կոմերիտական կազմակերպությունը
Школьная комсомольская организация
 
Հանդիպումներ  տարիներ  անց
Встречи спустя года
 
Մեր դպրոցն  այսօր
Наша школа сегодня
 
Շատերի առաջին դասարանը
Первый класс для многих из нас
 
Մոսկովյան հանդիպումներ
Московские встречи
 
Ուզում եք հավատացեք  ուզում եք ոչ
Хотите верьте, хотите нет
 
Մերոնք  նաև ստեղծագործում են
Наше творчество
 
Արձագանքում են կայքին
Отзывы о сайте
 
Ազատ ժամին
Досуг
 
Արխիվ
Архив
 

Рейтинг@Mail.ru

Сайт разработан в Веб-Студии "НТТР"

 
 

Ուզում եք հավատացեք ուզում եք ոչ (Хотите верьте, хотите нет)

/Այն, ինչ պատմում ենք, կատարվել է մեզ հետ/

 

      Խաշլամայի ղազանը


      Դպրոցն ավարտելու 20-ամյակի առթիվ կազմակերպվող հավաքույթին մասնակցելու համար` Երևանից ընտանիքով գնացել էի Գորիս: Գագիկ Ծատրյանի հետ պայմանավորվել էինք հանդիպել և քննարկել միջոցառման հետ կապված կազմակերպական հարցերը: Երկար-բարակ զրուցելուց հետո Գագիկն ասաց.
      -Մի հարց էլ լուծված չէ, խաշլամի համար մեծ պղինձ չենք ճարում...
      - Զանգիր մերոնց, հավանաբար կունենան,- ասում եմ ես:

     Հասնում եմ տուն, մայրս ասում է.
      - Գագիկը զանգել է, պիտի գան ղազանը տանեն...
      - Հոգնակի է ասել, պարզ է, նա մենակ չի կարող ղազանը տանել, մի քանի հոգու համար սեղան գցեք...
Այդպես էլ եղավ, մի քանի հոգով եկան պղինձը տանելու, կերանք, խմեցինք, ղազանը վերցրին, գնացին...
Հավաքույթի բանկետային մասը կազմակերպվեց Խասանի բարում, իսկ հաջորդ օրը ընտանիքներով /երեխաներով/ հավաքվեցինք <<Քասիբի պանսիոնատում>>: Մինչև խաշլամայի եփելը բոլորը խորովածով կշտացան, պղնձի բերանը գրեթե չբացվեց:

     Մյուս օրը, վաղ լուսաբացին, Գագիկ Ծատրյանը զանգահարեց.
      - Խաշլաման մնում է, բոլորին հավաքում եմ, գանք Վերիշեն, աղբյուրներից մեկում հաց ուտենք...
Հավաքեց, եկան, գնացինք Ձագեձորի խարամի աղբյուրներից մեկը, որտեղից սկիզբ է առնում Վարարակնը: Հավաքեցինք թեյաբույսեր, կրակ վառեցինք, նորից միս ու կարտոֆիլ խորովեցինք, թեյ խմեցինք... Նորից խաշլամայի պղնձը չբացվեց, վերջում` խնամքով տեղափոխվեց Գագիկ Ծատրյանի ավտոմեքենան...

     Հաջորդ առավոտյան, նոր էինք քնից զարթնել` հեռախոսը զանգեց.
      - Խաշլաման մնում է, զանգել եմ Դարեջանին, նրանց տունը մեծ է, որ տանենք այնտեղ ուտենք...Հավաքվեք, եկեք...
Գնում ենք: Դոլունց Գոգոն` Դարեջանի հայրը, հո չէ~ր սպասելու Ծատուրովի ղազանին...Պատշգամբում 30-40 հոգու համար սեղան էր բացել, երկար մանղալի վրա էլ խորովածը տժտժում էր... Կերանք, խմեցինք, քեֆ արինք, խաշլամի պղինձը ադպես էլ փակ` նորից ետ եկավ իր տեղը`մեքենայի մեջ:

     Հաջորդ օրը արդեն ճաշ էր դարձել, ձեն-ձուն չկար:
-Էս ինչ լավ է,- մտածում եմ,- էսօր կհանգստանանք... - Մեկ էլ`զանգ... - Տեսնես հիմա ի~նչ է մտածել.
      - Հանձնաժողովը որոշել է, որ հավաքվենք ձեր տանը, խաշլաման ուտենք ու ղազանը հանձնենք...
      -Պարզ է,- ասացի,- դու գիտես չ~է էն ասացվածքը...- ու դաձա մերոնց. -Վեր կացեք պատրաստություն տեսեք, ես գնամ կրակի հոգս անեմ...

     Այստեղ կարելի էր վերջակետ դնել այս պատմությանը, եթե մեր տան հավաքույթից հետո իմ ու Ծատուրովի երկխոսությունը չլիներ:
      - Հիմա պղինձը պիտի տանե~ս,թե...
      - Մտածելու բան է...- ասաց:
Ղազանի կափարիչը ետ քաշեցի, թթվաջրի մեջ մսի կտորները եռում էին...

     Գագիկ Հայրումյան

 

      Տպավորուրությունները դեռ չէինք կիսել...


      Տասնմեկերորդ դասարանցիները տասներորդում սովորել են երեք դասարանով: Մերը` տասներորդ <<Գ>>-ն էր: Գարնանային մի պայծառ օր դասարանը որոշում է փախչել դասերից , գնալ Տաթև: Քաղաքային ավտոբուսով մինչև Քոլատակ, այնտեղից էլ ` Շինուհայրի խաչմերուկը, հետո` Շինուհայր, Հալիձոր, Տաթև... Որտեղ ոտքով, որտեղ պատահական բեռնատարներով` գնացինք ու եկանք: Տուն հասանք գիշերվա կեսին, էլ դաս-մասի հնար չկար, առավոտյան էլ մի կերպ վեր կացանք, հասանք դպրոց:

     Առաջին դասը պատմություն էր, ուսուցիչը` Ռոզա Ափյանը: Ընդհանրապես, երբ դաս սովորած չես լինում, ոչ միայն ժամը տարի է թվում, այլև ապրում ես անբավարարվածության մի տհաճ զգացողություն, ինքդ` քեզնից:
Նախորդ օրվա տպավորությունները դեռ չէինք կիսել, զանգը տվեց: Ափյանի հետ դասարան մտավ նաև Հայաստանի կոմկուսի Գորիսի շրջկոմի երկրորդ քարտուղար Գերասիմ Հարությունյանը և տեղավորվեց վերջին նստարանին: Եկել էր դաս լսելու:

     -Ա~յ քեզ փորձանք, ա~յ քեզ պատահականություն...Հենց այսօ~ր...
Ոնց որ վանդակում լինեի: Համոզված եմ, որ առաջիններից մեկը, գուցե և առաջինը կհնչի իմ անունը... Մտածում եմ, որ պատասխանելուց հրաժարվելը երևի ավելի ճիշտ կլինի...
Ադպես էլ լինում է, այդպես էլ վարվում եմ...

     Նստել եմ, բայց չեմ հանգստանում, ավելի ջղաձիգ եմ դարձել. ինձ հետ արդեն եղածը եղել էր, նեղվում եմ ոչ թե ստացած <<անբավարար>> գնահատականից, այլ` դասարանի այդ լարված մթնոլորտից, որ դեռ էլի պիտի շարունակվեր, այն տհաճ իրավիճակից, որի մեջ ակամա հայտնվել է մեր հարգարժան ուսուցչուհին... Ինչևէ, բոլոր նրանք, ովքեր ինչ որ կերպ պետք է որ պատասխանեին, վեց կամ յոթ հոգի, բոլորը <<անբավարար>> ստացան: Մի կեպ <<բավարար>> ստացավ միայն Շահեն Մինասյանը:

     Այդ ժամը, իրոք, տարուց երկար տևեց: Դուրս գալիս Ռոզա Ափյանը, որի դեմքին արդեն գույն չկար, հասցրեց ետ ընկնել ու մեզ ասել.
      - Շնորհակալություն...
Թեև ոչ ոք չէր արտահայտվում, բայց բոլորն էլ գիտակցում էին, որ կատարվել է վատ, շատ վատ մի բան...
Հաջորդ դասին ես վեր կացա և ասացի.
      - Ընկեր Ափյան, մենք հասկանում ենք, որ շատ վատ բան է եղել...
      - Դուք ոչինչ էլ չեք հասկանում... - նա այնքան էր վիրավորված, որ չթողեց ասել գլխավոր բառը` <<կներեք>>...

     Տարիներ հետո, մի առիթով Գերասիմ Հարությունյանին, որը ի դեպ շատ հարգարժան մարդ և ղեկավար աշխատող էր, հիշեցրի նրա այդ <<անժամանակ>> դասալսումը: Հիշեց: Պատմեցի եղելությունը : Ծիծաղեցինք: Տարիներ անց փորձեցի ինչ-որ չափով հանել մեր պատճառով ուսուցչին հասցրաց վիրավորանքը: Բայց, ավաղ, ուշ էր ...

     Գագիկ Հայրումյան

 

 

      Ռայկոմի ծաղիկները շատ համով են...


      70-ական թվականների սկիզբն էր, աշխատում էի կոմերիտմիության Գորիսի շրջկոմի առաջին քարտուղար: Ձմեռ էր, երեկոյան ժամ, Գագիկ Ծատրյանի հետ շրջանային ինչ-որ միջոցառումից հետո մտել էինք շրջկոմ` փաստաթղթերը այնտեղ թողնելու:

      - Միջոցառման հաջող ավարտը կարելի էր մի-մի բաժակ կոնյակով նշել, բայց ափսոս որ նախուտես /զակուսկի/ չկա,- ասում եմ ես:
      - Կոնյակը որ լինի`զակուսկի կճարվի,- ասում է Գագիկը, - Իսկ սա ի~նչ վատ զակուսկի է որ...- ցույց է տալիս պատուհանին շարված ծաղկամանները:
      - Եվ այդ բույսերը դու կուտես~,- զարմանում եմ ես:
      - Բոլորը, առանց բացառության...

      Պատասխանը սպառիչ էր, և ասածից ետ կանգնել չկար: Չհրկիզվող պահարանից հանեցի կոնյակի շիշը, բերեցի բաժակը, դրեցի սեղանին, նստեցի ու սպասում եմ:
Գագիկը բաժակը լցրեց, ճառ արտասանեց, խմեց, սկսեց պոկել ու ուտել պատուհանին կավե ամաններում աճեցրած ծաղիկերից ինչ պատահի`տերև, կոկոններ, ծաղկաբույլ...
      - Եվ ի~նչ զգացողություն ունես,- հարցնում եմ...
      - Գերազանց,- պատասխանում է,- ռայկոմի ծաղիկները շատ համով են... Եթե մի բաժակ էլ խմեմ`ընդունարանի ծաղիկներն էլ կփորձեմ...
Երկրորդ բաժակով փետեց ընդունարանի, իսկ երրորդով` երկրորդ քարտուղարի առանձնասենյակի ծաղկամանների բույսերը...
Հասնում եմ տուն: Անհանգիստ եմ, զանգահարում եմ: Գագիկը վերցնում է լսափողը ու սկսում է երգել.
      - Ծաղիկներս ու~մ նվիրեմ, ծաղիկները իմ սիրո...
Մի քանի օր անց իմացա, որ շրջկոմում կռիվ է եղել քարտուղարուհու և հավաքարարի միջև...

      Գագիկ Հայրումյան

 

      Հենրիկի մեղուները


      Ինչ պետք է ասեմ`այն ժամանակ հայտնի պատմություն էր: Իսկ նրանց համար, ովքեր չգիտեն, նախ պետք է ներկայացնեմ գործող անձանց, միջավայրը, նոր միայն` եղելությունը:

      Ունեինք մի շատ հարգարժան ու բարի ուսուցիչ` Լազր Ստեփանյան: Պատմաբան էր, բայց տվյալ առարկայի մասնագետներ շատ լինելու պատճառով, նրան հասել էր արտադրական ուսուցման առարկաներից` փականագործությունը: Պարապում էր միայն տղաների հետ, սովորեցնում էր խարտոցների տեսակները և խարտելու ձևերը, ծանոթացնում էր հղկելու և կոփելու գաղտնիքներին: Եվ քանի որ ընկեր Ստեփանյանի լեզուն մի քիչ քաղցր էր, ավելի ճիշտ` բառերը արտաբերում էր քմային հնչեղությամբ և առարկան էլ իր իմացածը չէր, դասերն անցնում էին բոլորի կողմից / նաև աշակերտների/ ստեղծագործական վերելքով... Կյանքը ուրախ էր, ապրուստը` էժան...
Դասը սկսելիս տղաներից մեկը կանգնում ու ասում էր.

      - Ընկեր Ստեփանյան, ամեն անգամ միայն մեզ ես դաս հարցնում, Պետրոսյան Ռուբիկին մի օր գրատախտակի մոտ չտեսանք ...
      - Այ տղա, տեսնու~մ ես ինչ են ասում, դե արի...

      Ռուբիկը գնում էր պատասխանելու, միշտ էլ պատմում էր նույն դասը և խոսում էր ոչ իր լեզվով, խոսում էր... Դե հասկանալ է` դասարանը հռհռում էր, իսկ ինքը չէր ծիծաղում, միայն ժպտում էր, ու հասցնում էր ժեստերն ու արտահայտությունները նմանակել մինչև վերջին բառը...

      Այս ամենը ընդունեք իբրև հիմնապաստառ, իբրև ֆոն: Հիմա անցնենք բուն պատմությանը, որի գլխավոր հերոսը Հենրիկ Ադունցն է: Չէի ասի, թե Հենրիկը ուրբաթախոս է, բայց, որ քչախոս է`երկրորդ կարծիքը լինել չի կարող: Կա նաև ուրիշ բան. խոսքը արտասանում է մեկ-երկու բառով, իսկ բառը`կիսով չափ կարճ... Օրինակ, առավոտյան դասարան մտնելով, ասում էր` բարի լույս... Այնքան արագ, ցածր ու սեղմ էին դուրս գալիս հնչյունները, որ երբեմն ենթադրում էիր, որ <<Բարի լույս>> ասած կլինի, ուրիշ ի~նչ պիտի ասեր առավոտ ծեգին...Լեզուն` լեզու, իսկ գործունեությու~նը... Փականագործության դասերին մեկի ոտքը կարող էր պարանով նստարանին կապել, մյուսի տակ ինչ- որ փուշ դնել... Դե, պարզ է, որ իր ու Ստեփանյանի ջուրը մի առվով գնալ չէր կարող...

      Գարնանային արևոտ ու տաք օր էր: Բողբոջները պայթել էին, ծառերը պարուրվել էին միջատների բզզոցով, թվում էր, թե քնից նոր զաթնած մեղուները ծաղկափոշին թողած հարբել են ծառերից ծորացող հյութեղ ավիշով... Իսկ մենք նստած էինք փականագործության դասին...
Չմոռանամ ասել, որ արտադրական ուսուցման դասերը անց էին կացվում առաջին հարկի մի դասասենյակում, որի մի պատը միայն դուռն էր, իսկ դիմացի պատը` միայն պատուհանը: Նեղ այդ սենյակում երեք շարքով տեղադրված աշակերտական սեղան-նստարաններից երկուսում երեքական նստարաններ էին, որոնք հասնում էին մինչև գրատախտակը, իսկ պատուհանի մոտի շաքում`երկուսը , և ուսուցչի սեղանը: Դասատուն նստում, կամ կանգնում էր բացառապես պատուհանի դիմաց, շարժվելու ուրիշ տեղ չկար:

      Գարնանային այդ դասը մյուսնրից տարբերվում էր հավանաբար նրանով, որ աղմուկը մի քիչ ավելի շատ էր, ուսուցիչն էլ` ավելի անհանգիստ: Դասաժամի կեսից ավելին արդեն անցել էր, երբ դուռը բացվեց և ներս մտավ Հենրիկ Ադունցը: Քանի որ սովորաբար այդչափ ուշացումով դասարան չեն մտնում, Հենրիկի գալը աշխուժության նոր ալիք բերեց:
      - Բարի գալուստ,- ասաց ընկեր Ստեփանյանը, - ու~ր էիր... Վեր ընկիր, - շարունակեց չսպասելով պատասխանին, հավանաբար մտածելով, որ մեկ է`բան չպիտի ասի...

      Հենրիկը նստեց անմիջապես դռան դիմացի նստարանին, գրպանից ինչ- որ լուցկու տուփեր հանեց ու դրեց դարակում: Վայրկյաններ անց դասարանի լայնությամբ դեպի պատուհանը, դեպի լույսը, իբրև ռմբակոծիչներ, խմբակային տզզոցով սուրացին մի քանի տասնյակ մեղուներ... Սկսվեց իրարանցումը, բոլորը սեղանների վրայով, իրար հրմշտելով դուրս փախան... Մեղուները թռչում էին ուղիղ դեպի պատուհանի մեջ կանգնած Ստեփանյանը... Նա ձեռքերով քշում էր մեղուներին ու կանչում վայրկյանների ընթացքում միջանցքում հայտնված դասարանին.
      - Եկեք... Տեսան...Ներս մտեք...

      Բայց մինչև դասարանը կհամոզվեր, կհանգստանար, ներս կմտներ, միջանցքում երևաց դպրոցի դիրեկտոր Օհանյանը ու ամեն ինչ ջրի երես ելավ... Հետո... Հետոն արդեն այնպես էր` ինչպես պատկերացնում եք, ինչպես որ սովորաբար կարող էր լինել...

      Միայն ավելի հետո, մեր բոլոր հանդիպումներին Ստեփանյանը նստում էր Հենրիկի մոտ, ու երևի մտածելով, որ մեկ է` կհիշվի այդ պատմությունը, ասում էր.
      - Մեղվապահ Ադունց, են մեղուների պատմությունը մի պատմիր...

      Գագիկ Հայրումյան

 

      Սպասում ենք նոր պատմությունների...